Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Կարեն Կարապետյանի «կոնֆիգուրացիան»

Կարեն Կարապետյանի «կոնֆիգուրացիան»
12.04.2018 | 09:32

Ապրիլի 9-ին վարչապետ Կարեն Կարապետյանը նորաօծ նախագահ Արմեն Սարգսյանին իր ու կառավարության հրաժարականը ներկայացնելուց առաջ հայտարարեց, որ ապրիլի 7-ին նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են վարչապետի հարցը. «Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»:


Ի՞նչ է նշանակում «ներկայիս կառավարման կոնֆիգուրացիա»:
1. Սերժ Սարգսյանը ապրիլի 17-ին ԱԺ իրավունքի ուժով հրավիրվող հատուկ նիստում կառաջադրվի վարչապետի թեկնածու, մնացածը տեխնիկայի հարց է:
2. Վարչապետ Սերժ Սարգսյանը փոխվարչապետ կառաջադրի Կարեն Կարապետյանին:
3. Իսկ կառավարությու՞նը:


Հասարակության կարծիքն իմանալու համար «Պանարմենիան» մեդիահոլդինգի նախաձեռնությամբ էլեկտրոնային քվեարկություն է կազմակերպվել: Երկու օրվա տվյալներով հասարակությունն ամենաշատն ուզում է «ազատվել» սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից` 17,19%, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից` 16,48%, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից` 12,11%, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից` 9,46%, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանից՝ 6,98%, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանից` 5,66%: Ամենաքիչ դեմ ձայներ ստացել են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ 0,62%, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ 0,85% և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ 1,24%:


Բայց հասարակությունը` հասարակություն, ի՞նչ կանի վարչապետը: Եթե իսկապես սահուն անցում ապահովելու և մարտահրավերներին դիմագրավելու համար որոշել են պահել ներկա կոնֆիգուրացիան, կառավարության կազմի փոփոխությունները կլինեն հունվարից: 1-2 բացառություններով: Կադրային: Իսկ քաղաքակա՞ն: Կոալիցիան մնալու է ՀՀԿ-ՀՅԴ կազմով, թե՞ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, հայտնվելու է կառավարության կազմում: ԲՀԿ պատգամավորները հայտարարում են, որ իրենց օրակարգում կոալիցիայի հարց չկա, հետևաբար չկա քննարկում: Հերքում են նաև ՀՀԿ-ի առաջարկը: Ինչպե՞ս են քվեարկելու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին: Իրենց իսկ հայտարարությամբ` միասնական: Եթե կողմ քվեարկեն` կասկածի տակ են դնելու իրենց ընդդիմադիր լինելը` դարձյալ իրենց հայտարարությամբ, մասնավորապես Սերգեյ Բագրատյանի: Իսկ եթե դեմ քվեարկեն` վտանգի տակ են դնելու իրենց, համենայն դեպս` առաքելության իմաստով: Գործնականում հիմա ոչ միայն ՀՅԴ-ն, այլև ԲՀԿ-ն է առևտրի մեջ, թե ի՞նչ է տալու ու ի՞նչ է ստանալու: Նաև` ինչպե՞ս: ՀՅԴ-ն հրապարարակային կոալիցիոն գործընկեր է ու ամեն ինչ ավելի հեշտ է: ԲՀԿ-ն ընդհատակյա գործընկեր է և եթե չի կարող նախարար ունենալ իբրև կոալիցիոն գործընկեր, կարող է կառավարման համակարգի ավելի ցածր պաշտոններով ամրապնդել իր ռեսուրսները: Իվերջո` բոլորն այլևս նախապատրաստվում են 2022-ի ընտրություններին: Ու ամեն ինչ պետք է դիտարկել երկու հարթության մեջ` 2018-ի ապրիլի ու 2022-ի ապրիլի: Եթե ստացվի երկուսում էլ հաջողության հասնել, կարելի է մինչև 2022-ը սուլելով հասնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Ազատության հրապարա՞կը: Կդառնա՞ գործոն 2018-ի կոնֆիգուրացիայում, թե՞ ոչ: Արդեն ապրիլի 12-ն է և դեռ որևէ կարևոր իրադարձություն հարթակում չի եղել: Ավելին` լուրջ քաղաքական գործընթացների փոխարեն Ազատության հրապարակում պարզապես ոչ թե թատրոն, այլ բալագան է սկսվել Պարույր Հայրիկյանի ու Արամ Հարությունյանի հայտնությամբ, որ գերագույն հաջողությամբ վարկաբեկում են` ինչին շփվում են: Քիչ թե շատ մտածող որևէ մարդ այդ բալագանին նույնիսկ հանդիսատես, ուր մնաց գործող անձ, հազիվ թե ցանկանա դառնալ այս պայմաններում: Առավելևս, որ կարգախոսային իշխանափոխությունը սկսվել է դարասկզբից ու մեխանիզմ չի ձևավորել դեռ:

Դիտվել է՝ 2206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ